ԱՐՁԱԳԱՆՔ ԽՈՒՄԲ

 

«ԱՐՁԱԳԱՆՔ» համույթը ստեղծվել է 1969թ.-ին:

 

Արտավազդ Բայաթյան` մենակատար, վոկալ,
Եղիշե Պետրոսյան` կիթառ,
Վահան Օհանյան` բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ,
Հրանտ Ասատրյան` ստեղնաշարային գործիքներ,
Վաչագան Հայրապետյան` հարվածային գործիքներ:

 

Երիտասարդ այս համադասարանցիները իրենց առաջին համերգները տվեցին դպրոցական դահլիճներում, ապա բուհական, իսկ կարճ ժամանակ հետո դարձան չափազանց հայտնի և շատ սիրելի հանրության կողմից:

 

Երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակները հիմնականում իրենք են` խմբի անդամները:

 

Բազում դժվարությունների միջով անցան տղաները, սակայն ստեղծագործելու, աշխատելու, երգելու ու ավելիին հասնելու նրանց եռուն ցանկությունը խմբին մեծ թափով առաջ մղեց, անգամ մինչև միջազգային բեմեր:

 

Բազմաթիվ համերգների, փառատոների ու մրցույթների է մասնակցել «ԱՐՁԱԳԱՆՔ» խումբը. դրանցից ամենահիշարժանն ու նշանակալին  1982թ. «Ոսկե Կամերտոն» համամիութենական մրցույթին մասնակցությունն էր, ուր «ԱՐՁԱԳԱՆՔ»-ը արժանացավ I մրցանակին:

 

1983-84թթ. Կենտրոնական հեռուստատեսությունը պարբերաբար  հրավիրում էր խմբին Մոսկվա` մասնակցելու բազմաթիվ համերգների ու հեռուստատեսային ծրագրերի (Шире Круг, Товарищ песня, Концерт ВДНХ, и т.д.):

 

1985թ. մասնակցել է «ԵՐԳ-85» փառատոնին:

 

Հայաստանում «ԱՐՁԱԳԱՆՔ»-ը բազմաթիվ մենահամերգներ է տվել, մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոների` ինչպես միշտ պատվավոր հյուրերի շարքում: Արժանացել է մրցանակների ու դիպլոմների:

 

Մի քանի տասնյակ ձայնագրված ու չձայնագրված ստեղծագործություններ ունի «ԱՐՁԱԳԱՆՔ» խումբը:

 

Մեծ ու փոքր, ավագ ու նոր սերունդները երգում են «ԱՐՁԱԳԱՆՔ» -ի «Ծնունդդ շնորհավոր» երգը, որը միլլիոնավոր տարեդարձերի է հնչել և այսօր այդ երգը գիտեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և այլ արտասահմանյան երկրներում բնակվող հայերը: Այդ երգը այցեքարտ դարձավ ոչ միայն խմբի այլ նաև ամբողջ ԱՐՁԱԳԱՆՔ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ համար: Երգը եռալեզու է` հայերեն, ‎‎ֆրանսերեն, իսպաներեն:

 

Խումբը թողարկել է 2 աուդիոսկավառակ` «Հայացք ինձ վրա» և «Էրզաց»:
 
Խումբն այսօր էլ ամբողջական է, ակտիվ գործում ու ստեղծագործում է: Միայն վաղաժամ կյանքից հեռացավ Վահան Օհանյանը. մեծ վիշտ ապրեցին ընկերները, և ի հիշատակ Վահանի հետմահու թողարկեցին նրա հեղինակած երգերի ձայնասկավառակը:

 

«ԱՐՁԱԳԱՆՔ»  խմբի բոլոր սիրահարները կարող են վայելել խմբի մենահամերգը այս աշնանը:

 

 

Որոնում կայքում
Գրեք որոնման բառը
© 2008 Ardzagank LLC. Developed by Graphic Productions